2011 թ. բյուջետային տարվա արդյունքներով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունում կատարվել են մի շարք տնտեսումներ: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի հրապարակման` ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության աշխատավարձերը տնտեսվել են 35 մլն դրամով, իսկ «այլ ծառայություններ» հոդվածով տնտեսումը 900 հազ. դրամ է:

ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման նածագիծ, որով ԱԱԾ-ին թույլատրվում է տնտեսված գումարներն ուղղել արտասահմանյան գործուղումների ֆինանսավորմանը:

Ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ արտասահմանյան գործուղումների համար ԱԱԾ-ին պետական բյուջեից հատկացվել էր 75 մլն դրամ: Սակայն 2011 թ. հունիսին այս հոդված է տեղափոխվել եւս 15 մլն դրամ, իսկ օգոստոսին` եւս 16 մլն դրամ: Արդյունքում` արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 106 մլն դրամ, որից 102.6 մլն դրամն արդեն ծախսվել է, իսկ 3.35 մլն դրամը ավիատոմսերի ձեռք բերման համար կնքված պայմանագրի մնացորդն է:  Գործուղումների առաջիկա ծախսերը հոգալու համար առաջացել է անհրաժեշտություն աշխատավարձերից տնտեսված գումարները եւս ուղղել գործուղումների ֆինանսավորմանը: