Հայաստանում կանանց եկամուտները 36817 դրամով ցածր են տղամարդկանց եկամուտներից: Ավելին` կանանց շրջանում ամենաբարձրը վարձատրվում են 15-24 տարեկանները, իսկ տղամարդկանց շրջանում 35-44 տարեկանները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ այդմ, ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011թ-ի դեկտեմբերի 2-ի դրությամբ, միջին ամսական եկամուտն ըստ տարիքային խմբերի ունեն հետւյալ տեսքը.
տղամարդ
միջին եկամուտը կազմում է 81 565 դրամ
15-24` 74 380 դրամ
25-34` 91 644 դրամ
35-44` 94 389 դրամ
45-54` 92 244 դրամ
55-64` 85 259 դրամ
65-75` 51 476 դրամ
2010` կին
Միջին եկամուտը կազմում է 48 323 դրամ
15-24` 57 934 դրամ
25-34` 56 462 դրամ
35-44` 51 921 դրամ
45-54` 50 980 դրամ
55-64` 49 468 դրամ
65-75` 23 175 դրամ
Այն, որ տարիքի բարձրացման հետ նվազում են աշխատողի եկամուտները, դա գաղտնիք չէ: Հետեւաբար` փորձեցինք հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված կնոջ եւ տղամարդու եկամուտների նման տարբերությունն` ի վնաս կնոջ:
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տարբերությունը, ոչ թե կին կամ տղամարդ լինելուց է, այլ կատարվող աշխատանքի ծանրությունից: Օրինակ, ըստ նրա, բանկային համակարգում կանանց աշխատավարձն ավելի բարձր է:
Այնինչ` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ ակնհայտորեն ամբողջ հասարակական արժեքային սանդղակում կինը իր դերակատարությամբ, իր անելիքներով եւ իրենից սպասելիքներով միշտ ստորադասված է: «Նույնն ընտանիքում է, նույնը` հասարակությունում: Ես չգիտեի, որ նման վիճակագրություն կա, բայց ինձ համար անակնկալ չէ, որ այդպիսի թվեր գոյություն ունեն: Հայաստանում կանայք չեն տիրապետում ռեսուրսներին, հետեւաբար` տիրապետողներն էլ որոշում են եղանակը: Եթե տղամարդիկ են տիրապետում նրանք էլ, ուրեմն որոշում են եկամտային եղանակը: Այս խնդիրը գալիս է հնուց ի վեր եւ շարունակվում է մինչեւ օրս: Այսինքն` այսօրվա իրավիճակը սկզբունքորեն ավանդական հարաբերությունների դաշտի ձեւավորված իրավիճակ է»,- պարզաբանեց Հարանուշ Խառատյանը:
Նրա խոսքով, Խորհրդային միության շրջանում օրենք էր գործում եւ այդ օրենքը պարտադրում էր ուղղակի, որպեսզի այդպիսի մեծ տարբերություններ չլինեն: «Այդ տարիներին կնոջ հասարակական դիրքը զգալիորեն բարձրացել էր, նրանք տիրապետում էին ամբողջ ոլորտների` առողջապահություն, մանկավարժություն, տնտեսագիտություն եւ այլն: Հիմա էլ օրենքը պահանջում է պահել հավասարակշռությունը, բայց, քանի որ օրենքը չի գործում, ուրեմն սկսում են գործել սովորութային իրավունքի նորմերը, ինչը մենթալիտետով ձեւավորվող երեւույթ է, իսկ մեր մենթալիտետը այսպիսն է»,- ավելացրեց Հրանուշ Խառատյանը:
Իսկ ահա ԲՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը արձագանքելով խնդրին նկատեց, որ շատ ճիշտ հարցադրում է եւ ավելացրեց, որ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը հունվարի 20-ին համատեղ խորհրդարանական լսում են անցկացնելու տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքների մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
«Բազմաթիվ առաջարկներ կան տարբեր հ/կ-ներից հենց կանանց հատվածին վերաբերող սոցիալական երաշխիքների առումով: Այն, որ խտրականություն բոլոր առումներով տղամարդկանց եւ կանանց միջեւ Հայաստանում գոյություն ունի, դա միանշանակ է: Եվ ես կարծում եմ, որ խնդիրը համակարգային լուծում պետք է ստանա: Նախագիծը կընդունվի, բայց դա բավական չէ, քանի որ ըստ իս մենք մեր մենթալիտետում կանանց հանդեպ վերաբերմունքը պետք է կարողանանք փոխել: Դրանից է կախված նաեւ այն, որ գործատուն ինքը տղամարդկանց եւ կանանց իրավահավասար աչքով չի նայում, որ կանայք նրանց համար շատ ավելի էժան աշխատուժ են, քան տղամարդիկ: Բայց իհարկե, օրենքն էլ է կարեւոր թեկուզ այն առումով, որ եթե տվյալ գործատուն փորձում է սեռային խտրականություն դնել, պետք է անպայմանորեն պատժվի»,- պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը:
Այնինչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության աշխատավարձերի բաժնի ղեկավար Արմինե Մաթոսյանը հավատացնում է, որ սեռային խտրականություն չկա: Նրա խոսքով, եկամուտների տարբերությունը պայմանավորված է հետեւյալով.« Կան ոլորտներ` մշակույթ, կրթություն, առողջապահություն, որտեղ կանանց ներգրավվածությունը ավելի շատ է: Իսկ այդ ոլորտներում, բացի կրթությունից, աշխատավարձը շատ ավելի ցածր է: Բացի այդ կանայք բարձր պաշտոններում ավելի քիչ են»: Իսկ հարցին, թե ամեն դեպքում եկամուտների իրավահավասարության առումով փոփոխություններ կլինե՞ն, թե` ոչ, նա պատասխանեց, որ եթե այդ համակարգերում եկամուտները բարձրանա տարբերություն կլինի բնականաբար:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























