Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս գտնվում է անազատության մեջ, նոյեմբերի 10-ին դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել օտարերկրյա փաստաբանների՝ Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքը:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները 2009թ. հունիսի 19-ին այդ օրենքն էին ընդունել՝ զրկելու համար Չախալյանի ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանին՝ իր պաշտպանյալին պաշտպանելու հնարավորությունից:
Սահմանադրական դատարանի հայցի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործում Վահագն Չախալյանին օգնել է «Մարդու իրավունքների կենտրոն» ՈԿԿ փաստաբան Նինո Անդրիաշվիլին:
Հիշեցնենք, որ Ախալցխայի առաջին ատյանի դատարանը ապրիլի 7-ին Վահագն Չախալյանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, իսկ Չախալյանի հորը՝ Ռուբեն Չախալյանին եւ եղբորը՝ Արմեն Չախալյանին դատապարտել է համապատասխանաբար 5000 լարի եւ 1200 լարի տուգանքի:
2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:



























