Միգրանտների երեխաների ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025թ. ապրիլի 1-ից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։

«Այժմ «Ռոսօբրնադզորը» ավարտում է մեթոդական նյութերի եւ թեստավորման համակարգերի, գնահատման չափորոշիչների պատրաստումը, քանի որ մենք հասկանում ենք, որ տարբեր դասարանների համար կպահանջվի թեստավորման տարբեր մակարդակ։ Արդեն հաջորդ տարվա ապրիլի 1-ից այդ աշխատանքը կզարգանա մեր երկրի կրթական բոլոր հաստատություններում»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

Չերնիշենկոյի խոսքով՝ ՌԴ դպրոցներ տարեկան գնում է միգրանտների 155 հազար երեխա։

Ավելի վաղ Պետդուման ընդունել էր օրինագիծ ռուսական դպրոցներում միգրանտների երեխաներին ընդունելու արգելքի մասին, ովքեր ռուսերեն չգիտեն։ Այժմ նրանք պետք է թեստ հանձնեն, որը ցույց կտա լեզվին տիրապետելու նրանց մակարդակը։