ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուն պես Արդարադատության նախարարությանը կհանձնարարի «խստորեն հետամուտ լինել» մահապատժի հաստատմանը՝ «բռնաբարողներից, մարդասպաններից և հրեշներից» ամերիկացիներին պաշտպանելու համար:
«Truth Social» սոցիալական ցանցում հրապարակված Թրամփի հայտարարությունը պատասխան էր նախագահ Ջո Բայդենի երկուշաբթի արված հայտարարությանը, ըստ որի մահապատժի դատապարտված 40 դաշնային բանտարկյալներից 37-ի մահապատիժը փոխարինել է ցմահ բանտարկությամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման:
«Պաշտոնը ստանձնելուն պես Արդարադատության նախարարությանը կհանձնարարեմ խստորեն հետամուտ լինել մահապատժի հաստատմանը՝ ամերիկյան ընտանիքներին և երեխաներին դաժան բռնաբարողներից, մարդասպաններից և հրեշներից պաշտպանելու համար»,-հայտարարել է Թրամփը:
Թրամփը վերսկսել է մահապատիժները դաշնային մակարդակով իր առաջին նախագահական ժամկետում՝ 2017- 2021 թվականներին՝ մոտ 20 տարվա ընդմիջումից հետո, գրում է Reuters-ը։
Բայդենը, որն նախագահական ընտրություններում առաջադրվել էր որպես մահապատժի հակառակորդ, 2021 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո կասեցրել է դաշնային մահապատիժները:





























