Վերջին հինգ օրերի ընթացքում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանի հետ կատարվածը պայմանավորված է որոշ մարդկանց չարությամբ եւ փող վաստակելու ագահությամբ, ովքեր ցանկանում են խլել  նրա ունեցվածքը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ինքը` «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը:

Նրա խոսքով, 110 մլն դրամի հարկային ակտն աբսուրդ է, եթե այն արդար լիներ, իրենք սիրով կվճարեին: Նարեկ Հարթունյանը հիշեցնելով Հայաստանում իրենց գործունեությունն ու բարեգործությունը, նկատեց, որ Հայաստանում իրենք շահույթ չեն հետապնդել, այլ միայն ներդրումներ են արել` «հայրենասիրությունից դրդված»:

Հիշեցնելով, որ իրեն ձերբակալել են հոր քառասունքի օրը, նա ասաց. «Սուտը քառասուն օր ունի ապրելու, իսկ այս դեպքում ավելի քիչ: Ընդամենը ուզում են, որ ես ճնշումներին կուլ գնալով հանձնվեմ եւ իմ ունեցվածքը զավթեն»:

Իր հերթին Նարեկ Հարթունյանի գործով զբաղվող իրավապաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ այն գումարները, որը պահանջում են Հարթունյանից վճարել բյուջե, դրանց հետեւում ոչ մի հիմք ու հաշվարկ չկա:  «Որեւէ գումար, որի հիմքում հաշվարկ չկա, ենթակա չէ մուծման»,- ամփոփեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ(առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով(փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) եւ նրանց նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն փոխվել է նրանց խափանման միջոցը եւ նրանք ազատ են արձակվել: