Այս տարին աներևակայելի հագեցած էր գիտության համար։ Տիեզերքի առեղծվածներից մինչև հնագույն ծովային հրեշներ, 2024 թվականը մեզ բազմաթիվ պատմություններ նվիրեց, որոնք տակնուվրա արեցին մեր միտքը: Ահա ամենաքննարկվող իրադարձություններից մի քանիսը:
Պարզվեց, որ տիեզերքն ավելի առեղծվածային է, քան կարծում էինք
Այս տարվա սկզբին James Webb և Hubble աստղադիտակների համատեղ դիտարկումները հաստատեցին անոմալիան, որըկասկածի տակ է դնում Տիեզերքի մասին մեր գիտելիքները: Պարզվեց, որ Տիեզերքն ընդլայնվում է տարբեր արագությամբ և տարբեր ուղղություններով, գրում է pravda.ru-ն։ Այս երևույթը, որն առաջին անգամ նկատվել է 2019 թվականին, իր նոր հաստատումը ստացավ 2024 թվականի փետրվարին։
«Չափումների սխալները բացառելուց հետո մենք բախվեցինք իրական և հափշտակող հնարավորությանը․ տիեզերքի մեր ըմբռնումը սխալ է»,- հայտարարել է Ջոնս Հոփկինսի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Ադամ Ռիսը:
«Սարդերը» Մարսի վրա
Ապրիլին Եվրոպական տիեզերական գործակալությունը Մարսի հարավային բևեռի շրջանում՝ «Ինկերի քաղաք» կազմավորման մոտ, սարդանման տարօրինակ սև նշաններ արձանագրեց: Այս արտասովոր կառուցվածքները, որոնք բարակ «ոտքերով» սարդաձագերի կուտակումներ էին հիշեցնում, պարզվեց, որ սեզոնային երկրաբանական երևույթ է, որն առաջացել էր ածխաթթու սառույցի հալոցքից: Ավելի ուշ գիտնականներին հաջողվեց վերստեղծել այդ կառուցվածքները Երկրի վրա։
200 միլիոն տարեկան ծովային հրեշը
Նույն ապրիլին գիտնականները գտան մինչ օրս հայտնաբերված ամենամեծ ծովային գիշատչի մնացորդները: Սոմերսեթի լողափում (Մեծ Բրիտանիա) հայտնաբերվեցին 25 մետր երկարությամբ տրիասյան գիշատչի ոսկորները, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ ռեկորդակրին՝ 21 մետր երկարությամբ շոնիզավրին: Նոր տեսակը ստացավ Ichthyotitan severnensis անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Սևեռնի հսկայական մողես-ձուկ»:
Երկրի ներքին միջուկի պտույտը դանդաղում է
2014 թվականից գիտնականները նկատել են, որ Երկրի ներքին միջուկի` հեղուկ արտաքին թաղանթով շրջապատված պինդ մասի, պտույտը դանդաղում է: Այս դանդաղումը կարող է պայմանավորված լինել միջուկի փոխազդեցությամբ արտաքին թիկնոցի և գրավիտացիոն ուժերի հետ։ Առայժմ դժվար է ասել, թե դա ինչպես կանդրադառնա մեր կյանքի վրա, բայց արդեն ենթադրվում է, որ Երկրի վրա օրերը կարող են մի փոքր երկարել։





























