Գիտնականների գնահատմամբ, 2024 թվականը դարձել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարին, և առաջինը, երբ գլոբալ միջին ջերմաստիճանը կգերազանցի Փարիզի համաձայնագրով հաստատված 1,5 աստիճան Ցելսիուս ցուցանիշը՝ նախաարդյունաբերական փուլի համեմատությամբ:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների վերլուծության համաձայն, 2024 թվականին ջերմաստիճանի կտրուկ աճին մասամբ նպաստել են Էլ Նինյո անունով հայտնի կլիմայական պայմանները, գրում է Euronews-ը։

2025 թվականին կարող է առաջանալ մեկ այլ երևույթ, որ հայտնի է Լա-Նինյա անունով, որը կարող է  մի փոքր նվազեցնել գլոբալ ջերմաստիճանը, ինչը նշանակում է, որ 2024 թվականի ջերմաստիճանի ռեկորդը դժվար թե գերազանցվի հաջորդ տարի:

Բայց չնայած դրան, 2025 թվականը, ըստ բրիտանական եղանակի և կլիմայի Met Office գործակալության, այնուամենայնիվ կլինի դիտարկումների ընթացքում ամենաշոգ երեք տարիներից մեկը։ 

Էլ Նինյոն առաջանում է, երբ այս քամիները թուլանում կամ փոխում են ուղղությունը, ինչի հետևանքով Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում (Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ափերի մոտ) ջրերը սովորականից ավելի տաք են դառնում:

Լա Նինյայի ժամանակ ուժեղանում են արևելքից արևմուտք շարժվող պասատները, և տաք ջրերը շարժվում են ավելի արևմուտք դեպի Ավստրալիայի և Հարավարևելյան Ասիայի ափերը: Սա հանգեցնում է օվկիանոսի խորքերից սառը ջրի «բարձրացման», ինչի հետևանքով ծովի մակերեսի ջերմաստիճանը միջին հաշվով ավելի սառն է դառնում, հատկապես Հյուսիային և Հարավային Ամերիկայում:

Այս երևույթները տեղի են ունենում յուրաքանչյուր երկու-յոթ տարին մեկ և սովորաբար տևում են 9- 12 ամիս:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) նշում է, որ Լա Նինյայի պայմանները կարող են առաջանալ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի փետրվարը, սակայն դրա սառեցնող ազդեցությունը գլոբալ ջերմաստիճանի վրա կարող է թույլ և կարճատև լինել: