Dezeen ճարտարապետական առցանց ամսագրի խմբագրությունը ներկայացրել է անցած տարվա 10 ամենանշանակալի երկնաքերերի սեփական վարկանիշը։
Անցյալ տարվա լավագույն երկնաքերը Դուբայի One Za'abeel աշտարակների զույգն էր: Համալիրը բաղկացած է 57 և 67 հարկ բարձրությամբ երկու շենքից՝ կառուցված մեկ հիմքի վրա, հայտնում է Naked Science-ը։ Աշտարակները միացված են աշխարհի ամենաերկար The Link համայնապատկերային «երկնային հիմքով», որը գետնից 100 մետր բարձրության վրա է: Դրա ներսում տեղակայվելու են մի քանի էլիտար ռեստորաններ, լաունջ-բար և դիտահարթակ:
Երկրորդ տեղում բնակելի զույգ երկնաքերերն են՝ One Domino Square-ը, որը նախագծել է Selldorf Architects ընկերությունը: Դրանք երեսպատված են երփներանգ ճենապակյա սալիկներով։
Երրորդ տեղը գրավել է 2024 թվականին ավարտված ընդարձակ երկնաքերներից մեկը՝ 24-հարկանի EPIQ շենքը, որը վեր է խոյանում Էկվադորի Կիտո քաղաքի կենտրոնական Լա Կարոլինա այգու կողքին։
101 մետր բարձրությամբ երկնաքերը բաղկացած է իրար վրա տեղադրված երկու կորացած Г-աձև բլոկներից, որոնք ունեն մի շարք բացօթյա տեռասներ։
Սան Ֆրանցիսկոյում Foster + Partners ճարտարապետական ստուդիան ավարտել է 1972 թվականին բացված նշանակալից Transamerica Pyramid շենքի հիմնովին վերանորոգումը:
Ստուդիան նպատակ է դրել «վերականգնել 260 մետր բարձրությամբ գրասենյակային շենքի տրամաբանությունը»՝ վերակառուցելով սկզբնական տարրերը և միացնելով այն հարակից նոր այգու հետ։
Dezeen-ի ցուցակի վերջին շենքը աստիճանավոր «աշտարակների խումբն» է Տեխասի Հյուսթոնի կենտրոնում գտնվող Discovery Green-ի մոտ: Շենքը, որը կոչվում է 1550 on the Green, բաղկացած է վեց փոխկապակցված աշտարակներից, որոնք մի փոքր թեքված են, իսկ ամենաբարձր բլոկի բարձրությունը հասնում է 137 մետրի:





























