Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ ցանկանում են նոր հարաբերություններ հաստատել Սիրիայի հետ և խաղաղ անցման կոչ են արել, երբ ուրբաթ օրը Եվրամիության անունից Դամասկոսում հանդիպել են Սիրիայի ներկայիս առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային:
Աննալենա Բերբոքը և Ժան-Նոել Բարոն դարձել են ԵՄ առաջին նախարարները, որոնք այցելել են Սիրիա այն բանից հետո, երբ ապստամբները գրավել են Դամասկոսը և ստիպել Բաշար Ասադին փախչել, հայտնում է Reuters-ը։
Նրանց այցը նպատակ ունի զգուշավոր լավատեսության ուղերձ հղել իսլամիստ ապստամբներին՝ դրսևորելով իրենց համաձայնությունը նոր կառավարիչների ճանաչման հարցում, միաժամանակ չափավորության և փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքի կոչ անելով:
«Մեր ուղերձը Սիրիայի նոր ղեկավարությանը. հարգել տարածաշրջանային դերակատարների հետ համաձայնեցված սկզբունքները։ Քաղաքացիական բոլոր անձանց և փոքրամասնությունների պաշտպանությունն ապահովելը առաջնահերթ նշանակություն ունի», - ուղևորության մասին X սոցիալական ցանցում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Քաջա Կալասը:
Ֆրանսիացի և գերմանացի նախարարները Դամասկոսի Ժողովրդական պալատում հանդիպել են Շարաայի հետ, սակայն նրանց բանակցությունների մանրամասներն առայժմ չեն հրապարակվել:





























