Cybertruck Tesla-ի պայթյունը Լաս Վեգասի հյուրանոցի մոտ բանակի վետերանի ինքնասպանության ակտ էր հետտրավմատիկ սթրեսային խանգարման եւ այլ պատճառներով, հայտնել են ՀԴԲ-ում, տեղեկացրել է CBS News-ը։
Ոստիկանությունը պարզել է 37-ամյա զինվորական, հատուկ նշանակության ջոկատի սպա Մեթյու Ալան Լիվելսբերգերի ինքնությունը, որն ակտիվ ծառայության մեջ էր. նա չորեքշաբթի առավոտյան հյուրանոցի կայանատեղիում պայթած Cybertruck-ի վարորդն է եղել։ Հինգշաբթի օրը Լաս Վեգասի մայրաքաղաքային ոստիկանության վարչությունը հայտնել է, որ օկրուգի դատական քննիչը պարզել է, որ Լիվելսբերգերը կրակել է իր գլխին:
Քննիչները կարծում են, որ մեքենան պայթեցվել է ինքնասպանության հետ միաժամանակ, լրագրողներին հայտնել է ոստիկանապետ Քեւին Մակմահիլը։
Մակմահիլի խոսքով՝ պայթյունի հետաքննությունն իրականացվել է Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկ նյութերի դաշնային բյուրոյի աջակցությամբ։
Լաս Վեգասի ՀԴԲ գրասենյակի ղեկավար, հատուկ գործակալ Սփենսեր Էվանսը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ բյուրոն օգնել է ընտանիքի անդամից ԴՆԹ ձեռք բերել՝ Լիվելսբերգերի ինքնությունը հաստատելու համար:
Էվանսի խոսքով՝ քննիչներից եւ բանակից ստացված տեղեկությունները վկայում են, որ Լիվելսբերգերը հավանաբար հետտրավմատիկ համախտանիշ ուներ։ Ընտանեկան խնդիրներն ու անձնական դժգոհությունները կարող են նաեւ նպաստած լինել այն փաստին, որ Լիվելսբերգերը մեքենա վարձի Կոլորադոյում եւ պայթեցնի այն Լաս Վեգասում, ասել է Էվանսը: Բյուրոն շարունակում է հետաքննել պայթյունի հնարավոր պատճառները։
Նրա խոսքով՝ չնայած պայթյունը տեղի է ունեցել Trump հյուրանոցի մոտ, Լիվելսբերգերը թշնամանք չի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ։ Նրա խոսքով՝ բյուրոն այդ մասին տեղեկացել է ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների եւ զինծառայողների հետ զրույցներից, որոնց հետ նա ծառայել է։ Ըստ Մակմահիլի, քննիչները հստակ չգիտեն, թե ինչու է Լիվելսբերգերն ընտրել հյուրանոցը, Լաս Վեգասը կամ Cybertruck-ը՝ պայթեցնելու համար:
Պայթյունի հետեւանքով մի քանի մարդ տուժել է։ Մակմահիլը պատմել է, որ նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է բուժօգնություն հիվանդանոցում, որտեղից նրանք դուրս են գրվել։




























