Հնդկաստանի արեւելքում տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքից թունավորման զոհերի թիվը հասել է 150-ի եւ կարող է աճել: Ավելի վաղ հաղորդվել էր 121 զոհերի մասին: Զոհվածների թվում նաեւ երեխաներ կան:

Տվյալ պահին եւս 350 մարդ հիվանդանոցում են` թունավորման ախտանիշներով, տեղեկացնում է հնդկական  NDTV հեռուստաալիքը:

Տնային պայմաններում ալկոհոլային խմիչքի  ապօրինի արտադրության եւ վաճառքի մեջ կասկածվող 10 մարդ ձերբակալվել է:

Հիշեցնենք, 200-ից ավելի մարդ Սանգրամպուրի երկաթգծային կայարանին հարակից էժանագին հաստատությունում տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչք է խմել, դեկտեմբերի 14-ի գիշերը նրանցից շատերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Առաջին մահը գրանցվել է առավոտյան: Այնուհետեւ զոհերի թիվը գնալով սկսել է աճել:

Տեղի առողջապահության վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ մարդկանց մահվան պատճառ է դարձել մեթիլից թունավորումը:  Թունավորվածների մեծ մասը սեւագործ բանվորներ են, աղքատ գյուղացիներ:

Իշխանությունները հայտնել են, որ զոհվածների ընտանիքները նահանգային կառավարության կողմից շուրջ 200 հազար ռուփի  (շուրջ 4 հազար դոլար) նյութական օգնություն կստանան:

Տեղի բնակիչների կատաղած ամբոխը հրդեհել է հաստատությունը, որտեղ վաճառվել է թունավոր խմիչքը: