Սիրիան Թուրքիայից և Կատարից կստանա երկու լողացող էլեկտրակայան, որոնք միասին կարտադրեն լրացուցիչ 800 ՄՎտ էլեկտրաէներգիա։ Այս մասին SANA-ին հայտնել է Սիրիայի էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման գլխավոր վարչության տնօրեն Խալեդ Աբու Դեյը:
«Թուրքիայից և Կատարից Սիրիա կժամանեն երկու լողացող էլեկտրակայաններ։ Նրանք կարտադրեն 800 մեգավատ էլեկտրաէներգիա, որը համարժեք է Սիրիայի ներկայիս արտադրության մակարդակի կեսին: Դա կբարձրացնի քաղաքացիներին էլեկտրաէներգիայի մատակարարման մակարդակը մոտավորապես 50 տոկոսով»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Սիրիան տառապում է էլեկտրաէներգիայի խիստ սղությունից. երկրի մեծ մասում էլեկտրաէներգիան հասանելի է օրական ընդամենը երեք ժամով: Ավելի վաղ Սիրիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարել էր, որ ծրագրում է երկու ամսվա ընթացքում օրական մինչև ութ ժամ էլեկտրաէներգիա ապահովել:
«Նախորդ վարչակարգի օրոք էլեկտրահաղորդման գծերին, գեներատորային և տրանսֆորմատորային կայաններին հասցված վնասների մասշտաբները շատ մեծ են։ Մենք հանձնառու ենք վերակառուցելու ենթակառուցվածքը, որպեսզի ցանցը կարողանա արդյունավետ կերպով էլեկտրաէներգիա տեղափոխել»,- ընդգծել է Աբու Դեյը:
Նրա խոսքով՝ կառավարման մասնագետներն աշխատում են լողացող կայանների տեղանքից էլեկտրահաղորդման գծեր ստեղծելու ուղղությամբ, որոնք արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարեն ազգային ցանցին։




























