Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում,  Հայաստանի ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայող 29-ամյա Արթուր Վանոյանը վրաերթի է ենթարկել 48-ամյա Աշոտ Աղասարյանին, ով  տեղում մահացել է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Տիգրան Գալստյանը:

Արթուր Վանոյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ հայտնել, որ իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 67 ԼԼ 582 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Ավազան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին հարվածել է նույն ճանապարհով ընթացող ցախով բարձած ավանակով սայլակին: Հարվածի հետեւանքով սայլակի վրա գտնվող Գեղարքունիքի մարզի Արբունք գյուղի բնակիչ, 48-ամյա Աշոտ Աղասարյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տիգրան Գալստյանը նաեւ փոխանցեց, որ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, բայց կհարուցվի: