Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը նամակ է հղել Կոնգրեսի առաջնորդներին՝ պահանջելով նահանգին փոխհատուցել ավելի քան 11 միլիարդ դոլարը, որը նա ստիպված էր ծախսել սահմանային անվտանգության վրա՝ Ջո Բայդենի նախորդ վարչակազմի անգործության պատճառով։

«Բայդենի քաղաքականությունը Տեխասը և Ամերիկայի մնացած մասերը խոցելի է դարձրել բռնի հանցագործների, ահաբեկիչների և այլ օտարերկրյա հարձակվողների ներթափանցման աննախադեպ մակարդակի համար», - ասել է նահանգապետը հունվարի 23-ին իր կայքում տեղադրված նամակում: - Ես սկսեցի Lone Star («Միայնակ աստղ») գործողությունը՝ այս սպառնալիքների դեմ պայքարելու համար: Ընդհանուր առմամբ, Տեխասը ավելի քան 11,1 միլիարդ դոլար է ծախսել երկրի և նրա սահմանների պաշտպանության վրա: Ես պաշտոնապես խնդրում եմ դաշնային կառավարությանն ամբողջությամբ փոխհատուցել Տեխասի այս ծախսերը»:

Նահանգը ստիպված է եղել ծախսել տեղական հարկատուների գումարները՝ սահմանն ապօրինի հատել փորձող մարդկանց հոսքի դեմ պայքարելու համար, քանի որ «Բայդենի վարչակազմը հրաժարվել է կատարել իր աշխատանքը վերջին չորս տարիների ընթացքում», ասվում է զեկույցում։

Էբոթը հայտարարել է «Միայնակ աստղ» գործողությունը 2021 թվականին: Նահանգապետն ասում է, որ 87 տոկոսով կրճատել է Տեխաս մուտք գործող անօրինական ներգաղթյալների թիվը։ Նրա տվյալներով՝ այս ընթացքում Տեխասի իրավապահները ձերբակալել են ավելի քան 500 հազար անօրինական ներգաղթյալների, դադարեցրել են սահմանը ապօրինի հատելու ավելի քան 140 հազար փորձ, առգրավել են ավելի քան 500 միլիոն մահացու չափաբաժին օփիոիդ ֆենտանիլ և կանգնեցրել ավելի քան 240 մղոն (386 կմ) սահմանային պարիսպներ: «Կարճ ասած, Տեխասն ակտիվացավ այնտեղ, որտեղ դաշնային կառավարությունը հրաժարվեց, և դրանով իսկ պաշտպանեց բոլոր ամերիկացիներին Բայդենի վտանգավոր քաղաքականությունից», - եզրափակեց նահանգապետը: