Երեւանի «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչությունում տվյալ կառույցի եւ Ռուսաստանի Դաշնության Միջազգային արդյունաբերական համագործակցության Կենտրոնի միջեւ (UNIDO) համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության մամուլի ծառայությունից, նոր համաձայնագրի գլխավոր նպատակը կողմերի գործունեության աշխուժացումն ու համակարգումն է, որն ուղղված է մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը նպաստելուն` ռուս-հայկական միջտարածաշրջանային կապերի կտրվածքով: Հատուկ ուշադրություն է դարձվել հանրապետության արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելուն:
Համաձայնագիրը Ռուսաստանի եւ Հայաստանի ձեռնարկությունների, արդյունաբերական արտադրության արտադրողների եւ սպառողների միջեւ կապերի հաստատման եւ արտադրական համագործակցության մշտապես գործող մեխանիզմի ստեղծում եւ շահագործում է նախատեսում, ինչպես նաեւ ենթապայմանագրային հարաբերությունների զարգացում, համատեղ կազմակերպություն եւ միջոցառումների անցկացում, որը կնպաստի արտադրական կապերի զարգացմանը եւ արդյունաբերական համագործակցությանը:
«Սա փորձնական նախագիծ է, բայց կարվի ամեն հնարավորը, որ այն արդյունավետ լինի` հիմնվելով միջտարածաշրջանային հատվածի վրա, ներգրավելով Ռուսաստանի գործարար աշխարհին», - վստահեցրել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: «Հայաստանի նման անցումային տնտեսություն ունեցող երկրների հետ աշխատանքի ընդհանուր պահոցում մեր ավանդը եւ փորձը ուղղված կլինի շուկայական տնտեսության ստեղծմանը, որի կարգավիճակը վերջերս ստացել է Ռուսաստանը: Ես ակնկալում եմ ջանքերի համատեղում, ստորագրված համաձայնագիրը պետք է իրագործվի նախանշված հարթությունում», - իր հերթին նշել է UNIDO-ի ղեկավար Սերգեյ Կորոտկովը:




























