Նրանից, թե ինչ են կառուցում Հայաստանն ու Ադրբեջանը, երեւում է, թե ղարաբաղյան հակամարտության հարցում ինչ դիրքորոշում ունեն:  Դեկտեմբերի  19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է արտահայտել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի շինարարական նախագծերը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը հայտարարել էր շփման գծի երկայնքով  նոր պատ կառուցելու մտադրության մասին: Հայաստանն էլ հաղորդել էր Լեռնային Ղարաբաղ տանող երկրորդ`  հյուսիսային ավտոճանապարհի շինարարության մասին:

«Այստեղից կարելի է եզրակացություններ անել հակամարտության նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:  Սահմանը, որը ժամանակավոր են համարում եւ որը մտադիր են շուտով հատել, պատով չեն առանձնացնում:  Ե’վ Ադրբեջանը, ե’ւ Հայաստանը, որը գնալով ավելի սերտորեն է կապվում Արցախին, հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը  դեռ երկար կձգվի», - նշել է Իսկանդարյանը:

Ըստ նրա` համանման կերպով փոխվել է նաեւ Ադրբեջանի հռետորաբանությունը.  «Ագրեսիան զգալիորեն նվազել է, եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ֆինանսական եւ ռազմական աճող գերազանցության մասին հայտարարությունները փոխվել են: Այժմ նաեւ Ադրբեջանում են կարծիքներ հնչում, որ ռազմական ճանապարհը հազիվ թե ինչ-որ արդյունք ունենա, բայց խաղաղ բանակցություններն էլ տեսանելի առաջընթաց չեն խոստանում: Հետեւաբար հակամարտությունը կարող է երկար ձգձգվել», - նշել է փորձագետը: