Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ապացույցներ չունի այն մասին, որ հայաստանյան խանութներում շաքարավազը վաճառվում է խոնավության բարձր պարունակությամբ, իսկ հացը` թերքաշ (օդախառն): Այդ մասին այսօր` դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Ավելի վաղ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարել էր, թե հացի մեջ 20-30 %-ը օդ է, իսկ շաքարավազը վաճառվում է խոնավության թույլատրելիից բարձր նորմաներով: Սակայն Ա. Պողոսյանն այսօր չներկայացավ ՏՄՊՊՀ-ին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստին, թեեւ հանդիսանում է այդ խորհրդի անդամ:

Ա. Շաբոյանի խոսքով` ՏՄՊՊՀ-ն խնդրել է Ա. Պողոսյանին` ապացույցներ ներկայացնել, անգամ խոստացել օգնել լաբորատոր փորձաքննությունների մասով, սակայն մինչ այսօր ոչ մի ապացույց չի ներկայացվել: «Բերեք ապացույցներ եւ մենք որոշում կկայացնենք»,- հայտարարեց Ա. Շաբոյանը. խոստանալով խիստ պատիժներ սահմանել: