2022թ. պայթեցված «Հյուսիսային հոսք» գազատարները պետք է ապամոնտաժվեն, որպեսզի ռուսական գազի մատակարարումը Եվրոպա չվերսկսվի անգամ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Ես կարող եմ միայն հուսալ, որ եվրոպացի ղեկավարները դասեր կքաղեն Ռուսաստանի ագրեսիայից Ուկրաինայի դեմ եւ որոշում կկայացնեն երբեք չվերսկսել մղումն այդ գազատարներով»,- ասել է Դուդան BBC-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ խողովակաշարերը մեծ սպառնալիք են Ուկրաինայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրների համար։ «Դա սպառնալիք է էներգետիկայի, բանակի տեսակետից, բայց նաեւ հսկայական տնտեսական սպառնալիք է, քանի որ դա նշանակում է Ռուսաստանի գերազանցություն Եվրոպայի նկատմամբ տնտեսական իմաստով»,- նշել է Լեհաստանի նախագահը։

Ռուսական «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարները 2022թ. սեպտեմբերի 26-ին խափանվել են դիվերսիայի հետեւանքով։ Դրանցից առաջինով գազի մղումը դադարեցվել է մինչեւ նորոգման աշխատանքների ավարտը, որը ներկայում չի իրականացվում, իսկ երկրորդը այդպես էլ շահագործման չի հանձնվել։ Գազատարների չորս գծերից անվնաս է մնացել միայն մեկը։ Nord Steam AG օպերատոր ընկերությունը նշել է աննախադեպ վնասի մասին եւ հրաժարվել է կանխատեսել վերականգնման ժամկետները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դիվերսիաները կազմակերպել են «անգլոսաքսերը», քանի որ, նրա կարծիքով, նրանք շահեկան են դուրս եկել Եվրոպայի էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումից։ Շվեդիան, Դանիան եւ Գերմանիան սկսել են հետաքննել միջադեպը, սակայն առաջին երկու երկրները չեն բացահայտել մեղավորներին եւ ավարտել են հետաքննությունը: Գերմանական լրատվամիջոցները գրել են, որ պայթյունին մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ, իսկ գործողությունը ծրագրել է Ուկրաինայի Զինված ուժերի այն ժամանակվա գլխավոր հրամանատարի պաշտոնակատար Վալերի Զալուժնին։

Կրեմլը հայտարարել է, որ պատրաստ է «անհապաղ» սկսել գազի մատակարարումը Եվրոպա «Հյուսիսային հոսք 2»-ի մնացած ճյուղով։ Ամերիկացի ներդրող Սթիվեն Լինչը, որը 20 տարի աշխատել է Ռուսաստանում, առաջարկել է գնել գազամուղը՝ այն «եզակի հնարավորություն» անվանելով «Ամերիկայի եւ Եվրոպայի համար՝ Եվրոպայի էներգիայի մատակարարումը մինչեւ հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը» վերահսկելու համար։ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, Լինչի խոսքով, Ռուսաստանը եւ գազի նրա նախկին գնորդները Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում կարող են կրկին շահագործել գազամուղը, անկախ նրանից, թե ում է պատկանում այն: Կրեմլում, սակայն, հայտնել են, որ «Գազպրոմը» մտադիր չէ վաճառել խողովակաշարը։