Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ը նախ պետք է վաստակի Իրանի վստահությունը։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Հիմա իրավիճակը մի փոքր այլ է եւ շատ ավելի բարդ, քան նախորդ անգամ։ Մյուս կողմը (ԱՄՆ-ը) շատ բան ունի անելու մեր վստահությունը շահելու համար։ Առայժմ մենք ոչինչ չենք լսել, բացի գեղեցիկ խոսքերից, բայց դա ակնհայտորեն բավարար չէ»,- ասել է Արաղչին Sky News հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները պատրաստ են լսել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները, սակայն ավելի շատ ջանքեր կպահանջվեն՝ Թեհրանին համոզելու սկսել միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, հատկապես հաշվի առնելով 2015թ. Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) ճակատագիրը։





























