Մայամիի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ մի քանի լեզուների իմացությունը դրական է ազդում երեխաների ճանաչողական կարողությունների վրա։ 7-ից 12 տարեկան 112 երեխաների մասնակցությամբ հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Child Psychology ամսագրում։
Պարզվում է, որ երկլեզուներն ավելի լավ են կարողանում կառավարել իրենց ազդակները և ավելի արդյունավետ կերպով անցում կատարել մի առաջադրանքից մյուսը, քան իրենց այն հասակակիցները, ովքեր խոսում են միայն մեկ լեզվով:
Այս արդյունքները հատկապես նշանակալի էին աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար։ Այս երեխաները հաճախ դժվարանում են պլանավորել, կենտրոնանալ և բազմաբնույթ առաջադրանքներ կատարել: Այնուամենայնիվ, երկլեզու հետազոտվողները կատարողական գործառույթների բարելավումներ են ցույց տվել, ինչը կարող է մեղմել աուտիզմի որոշ դրսևորումներ: Բացի այդ, նրանք ավելի լավ էին կարողանում հասկանալ ուրիշների հույզերն ու հայացքները, ինչը սոցիալական հարմարվողականության կարևոր կողմն է:
Մասնագետները ենթադրում են, որ լեզուների միջև անընդհատ անցում կատարելու անհրաժեշտությունը նպաստում է ինքնատիրապետման և կենտրոնացման մեխանիզմների զարգացմանը՝ ակտիվացնելով ուղեղի համապատասխան հատվածները։




























