Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին հարակից ժայռի քարաթափումները կանխելու համար, այս շաբաթ դրանք կպայթեցվեն: Ներկայումս որոշվում է պայթեցման հստակ օրը:

Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին նշված վայրում աշխատանքներ են իրականացնում հանրապետական փրկարար ջոկատն ու հատուկ պայթեցնող մասնագետները:

Ժայռաբեկորը պետք է պայթեցվի եւ քարազանգվածն ամբողջությամբ թափվի ներքեւ: Ըստ Հրաչ Անտոնյանի, դժվար է կանխորոշել, թե որքան քանակությամբ կլինի թափվող քարազանգվածը, քանի որ հնարավոր է, որ ցնցման հետեւանքով այլ մասերից եւս ժայռաբեկորներ թափվեն:

Նախնական որոշմամբ, ժայռը կպայթեցվի այս շաբաթ, Լոռիի փրկարարական վարչության պետն ասում է, որ եթե չլինեն խանգարող հանգամանքներ, ապա ամենայն հավանականությամբ, պայթեցումը կլինի հինգշաբթի կամ ուրբաթ օրը:

Այդ օրը կդադարեցվի երկաթգծի երթեւեկությունը, կփակվի այդ հատվածի ավտոճանապարհը, կտարհանվեն մոտակայքի բնակչությունը: Պայթեցման վայրում կլինի նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը: