Ընթացիկ 2011 թվականին Լոռիի մարզում բերքահավաքը բավականին բարձր ցուցանիշներ ու որակներ սահմանեց. տարին արդյունավետ եղավ ոչ միայն հացահատիկային մշակաբույսերի, այլեւ պտուղ-բանջարեղենի բերքի ստացման ու իրացման տեսանկյունից, սակայն ինչպես այս, այնպես էլ անցած տարվա ընթացքում գյուղմթերքի համար սահմանվեցին բավականին բարձր գներ:

Լոռիի մարզի գյուղվարչության պետ Գրիգոր Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց, որ մթերքների շուկայական գները որոշում է գյուղացին, շուկայում արդեն տիրող գների սահմաններում: «Բերքն ստանում է գյուղացին, ով իր ստացածի իրացնողն է համարվում, հետեւաբար, ամեն գյուղացի ինքն է որոշում, թե իր ապրանքի համար ինչ գին կարող է սահմանել»,-ասում է գյուղվարչության պետը եւ հավելում, որ 2012 թվականին եւս գյուղատնտեսության առումով բարձր ցուցանիշներ են կանխատեսվում, եւ եթե այդ հույսերն արդարանան, հնարավոր է ասել, որ ամենայն հավանականությամբ, գյուղմթերքի գների անկում կնկատվի:

Իսկ մինչ այդ, դեռեւս դեկտեմբերի սկզբից,  տոնական օրերին  Լոռիում եւս սննդամթերքի շուկայում գյուղմթերքի գների զգալի բարձրացում է նկատվում, ինչի մասին գյուղմթերք իրացնող վաճառողներն ասում են, թե Ամանորն ամենաշահավետ տոնն է ամբողջ տարվա ընթացքւմ, իսկ գյուղացու չարչարանքի դիմաց գներն ամենեւին էլ բարձր չեն ու հունվար ամսին արդեն գների զգալի անկում կլինի: