Անցած եւ այս տարիների համար, Լոռիի մարզի տարբեր տարածաշրջանների գյուղական համայնքներում նախատեսված էր տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ, որոնցից մինչ օրս տեղադրվել է ընդամենը 2-ը:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2009 թվականի որոշման համաձայն, 2010-ին արդեն մարզում տեղադրված պիտի լինեին 5 հակակարկտային կայաններ, սակայն այդ որոշումն այդպես էլ իրականություն չդարձավ: Չիրականացավ նաեւ մեկ այլ որոշում, համաձայն որի, արդեն այս տարվա հուլիսին Լոռին պետք է ունենար տեղադրված 6 հակակարկտային կայաններ: Այս մասին նշել է Լոռիի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Նրա խոսքով, 2011 թվականի գարնանը անձրեւներից ու կարկուտից խիստ տուժեցին հատկապես մարզի Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերը, իսկ այս նույն տարածաշրջանի միայն Կուրթան եւ Լեջան համայնքներում ուժեղ կարկուտ տեղացել է 3 անգամ:
Գրիգոր Հակոբյանը նշում է, որ 2011-ին համայնքներում պետք է տեղադրվեր 8 շարժական հակակարկտային կայան, որոնցից տեղադրվել են 2-ը` մարզի Դսեղ եւ Ճոճկան համայնքներում: Մյուս 6 կայանների տեղադրման վայրերն արդեն հստակ որոշված են, պարզապես այդ կայանների տեղադրումը տեղափոխվում է 2012 թվական:




























