ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի, Մեքսիկայի եւ Չինաստանի դեմ հայտարարված առեւտրային մաքսատուրքերը ամերիկացի սպառողների համար կհանգեցնեն մի շարք ապրանքների գների բարձրացման՝ բանջարեղենից, մսից մինչեւ հեռախոսներ եւ մեքենաներ: Այսպիսի վերլուծություն է ներկայացրել The New York Times-ը։
«Քանի որ տուրքերը վերաբերում են հատկապես այս երեք երկրներին, անհնար կլինի չնկատել գնաճը»,- պարբերականին ասել է ապրանքների մատակարարման շղթաների փորձագետ եւ Միչիգանի նահանգի համալսարանի պրոֆեսոր Ջեյսոն Միլլերը:
Ինչպես նշել է թերթը, ԱՄՆ-ում կարող են աճել բանջարեղենի եւ մրգերի գները, որոնցից շատերը ներկրվում են Մեքսիկայից, մասնավորապես՝ ավոկադոն, լոլիկն ու ելակը։ Բացի այդ, կբարձրանան ալկոհոլի, այդ թվում՝ թեքիլայի եւ գարեջրի գները։ Գնաճը կարող է տարածվել նաեւ Կանադայից ներկրվող մսի եւ հացահատիկի վրա:
Մաքսատուրքերը կազդեն նաեւ ամերիկացի գնորդների համար մեքենաների արժեքի վրա։ Ավտոարտադրողները ամեն շաբաթ ուղարկում են տասնյակ միլիարդավոր դոլարների պատրաստի մեքենաներ, շարժիչներ, փոխանցատուփեր եւ այլ բաղադրիչներ Կանադայի եւ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմաններով: Չինաստանից ներկրվող պահեստամասերը նույնպես միլիարդավոր դոլարներ են գնահատվում։





























