Պանաման դուրս կգա Չինաստանի ընթացիկ «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունից, որը ներառում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Դրա մասին փետրվարի 3-ին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն։
«Կարևոր որոշում եմ ընդունել և հայտնում եմ ձեզ դրա մասին։ Իմ կառավարությունը չի երկարաձգելու 2017 թվականին ընդունված «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» փոխըմբռնման հուշագիրը: Այդպես է։ Մենք կուսումնասիրենք նախագիծը նախատեսված ժամկետից շուտ ավարտելու հնարավորությունը»,-ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Մուլինոն։
Ըստ Պանամայի նախագահի՝ Ռուբիոն Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերադարձնելու կամ «ուժ կիրառելու» համար իրական սպառնալիք չի արտահայտել, սակայն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է պայմանագրի խախտում, որով Վաշինգտոնը ջրանցքի հսկողությունը հանձնել է Պանամային: Պեկինի ազդեցությունը Պանամայի նավագնացության կարևոր երթուղու վրա հիմնականում խախտում է ԱՄՆ-ի կառուցած ջրանցքի «մշտական չեզոքության» պարտավորությունները, որոնք բխում են Վաշինգտոնի և Պանամայի միջև պայմանագրերից, պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը, և հետևաբար, ըստ նրա՝ դրա օգտագործման փոփոխությունները պետք է «անհապաղ» անցկացվեն:



























