Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, դեկտեմբերի 19-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հմուտ ձեռքեր» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացվել են թբիլիսահայ 25 կնոջ 100-ից ավելի ցուցանմուշներ՝ Աննա Սահակյանի, Սոֆյա Հասրաթյանի ասեղնագործությունները, Մալվինա Հակոբյանի տիկնիկները, Ալլա Շաքարյանի եւ Լուարա Աբրամովայի նորաձեւությունների հավաքածուները եւայլոց տարբեր աշխատանքները:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, կարեւորելով հայ կնոջ դերն ու նվիրվածությունը ազգապահպանության եւ հայեցի դաստիարակության գործում, նշել է պատերազմի ժամանակ ամուսնու կողքին կանգնելու, իսկ խաղաղ տարիներին ընտանիք ստեղծելու, տուն ու տեղ դնելու եւ ձեռքերի ու մատների շնորհիվ այն շեն ու լի պահելու հայ կնոջ անկրկնելի ունակության մասին:
Ցուցահանդեսին ներկա գտնվող Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի տիկին Արմինե Մանուկյանը, բարձր գնահատելով թբիլիսահայ կանանց ձեռագործությունները, նրանց հաջողություններ է մաղթել՝ մանրակրկիտ աշխատանքով եւ վառ երեւակայությամբ զարմանահրաշ գործեր ստեղծելու ասպարեզում:




























