Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը», այսօր` դեկտեմբերի 21-ին, կազմակերպել են կամավոր արյունատվության ակցիա։ Ոչ պետական բուհերի շուրջ 60 ուսանողներ այցելել են ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Ակցիայի մասնակիցները նախապես լրացրել դոնորի համար նախատեսված հարցաթերթիկները, ստուգվել բժշկական տարբեր չափորոշիչներով, այնուհետեւ հանձնել անհրաժեշտ չափաքանակով արյուն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի» նախագահ Արմինե Բարսեղյանը, որ արդեն երրորդ անգամ էր արյուն հանձնում, նշել է, որ Ամանորից առաջ անվարձահատույց արյունատվության այս ակցիան իրենց ամանորյա նվերն է բոլոր նրանց, ովքեր այս օրերին հիվանդանոցում են եւ արյան կարիք ունեն։
«Ես ուրախ կլինեմ, եթե իմ արյունն ինչ-որ մեկին օգտակար լինի։ Ես ու իմ ընկերները հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կունենա շոշափելի արդյունքներ, կառողջանան շատ մարդիկ»,- ասում է Արմինե Բարսեղյանը։
Նշենք, որ դոնորությունն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ է եւ դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա: Անվարձահատույց կամավոր դոնորների թվի աճին հասնելու համար պետք է հասարակության լայն շրջանակներում, մասնավորապես երիտասարնդերի շրջանում իրականացնել հետեւողական քարոզչական աշխատանքներ:




























