2011 թվականին դադարեցվել է Գյումրիից մի քանի ուղղություններով գնացքների երթեւեկությունը: Այս մասին նշել է «Հարավ- կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը, հավելելով, սակայն, որ ֆինանսական խնդիրներ չեն ունեցել:

Նրա խոսքով, այս տարվա ընթացքում, մասնավորապես, դադարեցվել է Գյումրի- Արթիկ էլեկտրագնացքի երթեւեկությունը, դեկտեմբերի 1-ից չի գործում նաեւ Գյումրի- Վանաձոր ուղղությունը սպասարկող էլեկտրագնացքը:

Այն, որ ուղեւորների քանակը խիստ սահմանափակ է, մեկնակայանի պետի խոսքով, պայմանավորված է նրանով, որ մարզից եւ քաղաքից մեծ է արտագաղթողների թիվը, տարեցտարի նկատվում է ուղեւորների թվի պակաս:

Խոսելով ընթացիկ տարվա ձեռքբերումների մասին, վագոնային դեպոյի տնօրեն Վալերի Մուրադյանը նշել է, որ հնարավոր է եղել կադրային կրճատումները նվազագույնի հասցնել, սակայն, այսօր ունեն երիտասարդ մասնագետների պակաս: Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ապա ըստ Վալերի Մուրադյանի, ընթացիկ տարում դրանք 10 տոկոսով բարձրացվել են:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ընկերության տնօրենի այցի ընթացքում վագոնային դեպոյի աշխատողները պահանջել էին աշխատավարձի բարձրացում: