ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ եվրոպացիները չեն կարողանա օգնել հրադադարի իրագործմանը երեք տարի տևող լայնածավալ պատերազմում, եթե Թրամփը իրենց չներառի բանակցային գործընթացում: Այս մասին նա ասել է AFP-ին տված հարցազրույցում Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։
Թրամփը, ով, ինչպես սպասվում է, ուրբաթ օրն համաձայնագիր է ստորագրելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ օգտակար հանածոների վերաբերյալ, հրաժարվել է Ուկրաինային անվտանգության ամերիկյան երաշխիքներ տրամադրել և ասել, որ դա եվրոպացիների խնդիրն է։
Կալասը նշել է, որ Ուկրաինայի հետ կապված ցանկացած գործարքի դեպքում եվրոպացիները պետք է մասնակցություն ունենան։
«Մենք պետք է մասնակցենք այս քննարկումներին: Կարծում եմ՝ առանց դրա մենք ոչինչ չենք կարող ապահովել»,- ասաց նա։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը ունեցած ելույթում Թրամփը նաև ասաց, որ Եվրամիությունը ստեղծվել է «Միացյալ Նահանգներին խաբելու» համար և հայտարարեց մաքսատուրքեր սահմանելու պլանների մասին՝ առևտրային դեֆիցիտը փակելու համար:
Կալասը Թրամփի մեկնաբանություններն անվանեց «ապշեցուցիչ» և ասաց, որ երկու կողմերը երկար ժամանակ կիսում են ընդհանուր արժեքները:
Կալասն ասաց, որ Եվրոպան «չի կարող լրացնել Ամերիկայի թողած բացը», բայց աշխարհը «նայում է մեզ»՝ տեսնելու, թե այլ ինչ կարող է անել:
«Ես զգում եմ, որ մենք պետք է մեծացնենք նաև մեր աշխարհաքաղաքական հզորությունը», - ասաց նա:
«Եթե Ամերիկան շրջվում է դեպի ներս, Եվրոպան՝ դեպի դուրս»,- հավելեց եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Կալասը նաեւ նշել է, որ Ուկրաինայի անվտանգության միակ արդյունավետ երաշխիքը կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելը։





























