AFP գործակալությունը հրապարակել է եվրոպացի առաջնորդների արձագանքը Սպիտակ տանը ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների սկանդալային բանակցություններին։
Եվրամիության ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Անտոնիու Կոշտան Զելենսկուն վստահեցրել են, որ նա «երբեք մենակ չի լինի»։
«Եղեք ուժեղ, խիզախ, անվախ»,- գրել են Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի նախագահները սոցիալական ցանցերում համատեղ հայտարարության մեջ՝ դիմելով Զելենսկուն։
«Մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ հանուն արդար եւ երկարատեւ խաղաղության»,- ավելացրել են նրանք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ռուսաստանն է «ագրեսորը» պատերազմում, եւ «մենք ճիշտ ենք արել, երբ օգնել ենք Ուկրաինային եւ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ երեք տարի առաջ եւ շարունակում ենք դա անել»։
Ֆրանսիայի նախագահն ավելի հեռուն է գնացել՝ ասելով, որ «եթե որեւէ մեկը խաղում է երրորդ համաշխարհային պատերազմի հետ, դա Վլադիմիր Պուտինն է՝ նկատի ունենալով Զելենսկու դեմ Թրամփի մեղադրանքները»։
Գերմանիայի հաջորդ հավանական կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վստահեցրել է Զելենսկուն իր աջակցության մասին՝ ասելով. «Մենք երբեք չպետք է շփոթենք ագրեսորին եւ զոհին այս սարսափելի պատերազմում»: Հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես աջակցություն է հայտնել Ուկրաինային, ինչպես եւ արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը, որն ավելացրել է, որ «խաղաղության եւ անվտանգության համար Կիեւի ձգտումը մեր գործն է»:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել ԱՄՆ-ին, Եվրոպային եւ նրանց դաշնակիցներին միավորվել Ուկրաինայի պատերազմի շուրջ։ «Մեզ անհրաժեշտ է հրատապ գագաթաժողով, որպեսզի անկեղծ խոսենք այն մասին, թե ինչպես ենք մենք մտադիր լուծել այսօրվա հիմնական խնդիրները՝ սկսած Ուկրաինայից», - ընդգծել է նա։
«Նիդեռլանդների աջակցությունն Ուկրաինային մնում է անփոփոխ. Հատկապես հիմա»,- ասել է վարչապետ Դիք Սխոոֆը X հեռուստաալիքի եթերում՝ ավելացնելով, որ «մենք ցանկանում ենք կայուն խաղաղություն եւ դադարեցնել ագրեսիվ պատերազմը, որը սկսել է Ռուսաստանը»:
Լեհաստանը եւս հավաստիացրել է Կիեւին իր աջակցությունը։ «Սիրելի ուկրաինացի ընկերներ, դուք միայնակ չեք»,- գրել է վարչապետ Դոնալդ Տուսկը Զելենսկուն հղած ուղերձում։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ իր երկիրը կաջակցի Կիեւին։ «Ուկրաինա, Իսպանիան քեզ հետ է»,- գրել է նա X-ում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոստացել է «անսասան աջակցություն» Կիեւին։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «ամեն ինչ անում է Ուկրաինայի ինքնիշխանության եւ անվտանգության վրա հիմնված կայուն խաղաղության ճանապարհ գտնելու համար»:





























