Պենտագոնը մոտ 3000 հավելյալ զինծառայող է ուղարկում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կասեցնել անօրինական ներգաղթը և կատարել իր նախընտրական արշավի հիմնական խոստումը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Պենտագոնը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մարտական խումբ և ընդհանուր աջակցության ավիացիոն գումարտակ է ուղարկել գործողությանը մասնակցելու համար։ Առաջիկա շաբաթների ընթացքում ուժերը կտեղակայվեն մոտ 2000 մղոնանոց սահմանի երկայնքով:
Ֆորտ Կարսոնը 2400 զինվոր է ուղարկում 4-րդ հետևակային դիվիզիայի Stryker 2-րդ բրիգադի մարտական խմբից, ևս 500 զինվոր կտեղակայվի Ֆորտ Ստյուարտի մարտական ավիացիայի 3-րդ բրիգադից, տեղեկացրել է ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը:
Strykers-ը միջին զրահապատմամբ անվային զրահափոխադրիչներ են։
Ըստ Հյուսիսային հրամանատարության հայտարարության, այս խումբն ապահովելու է տրանսպորտային և ինժեներական աջակցություն, ինչպես նաև հայտնաբերում և մոնիտորինգ, բայց չի մասնակցելու ձերբակալման կամ արտաքսման գործողություններին:
Ավիացիոն բրիգադն օգնելու է անձնակազմի, տեխնիկայի և պաշարների տեղափոխմանը։ Դաշնային հրամանով հարավային սահմանին արդեն տեղակայված է մոտ 9200 ամերիկյան զինծառայող, ինչպես նաև նահանգապետերի հսկողության տակ գտնվող Ազգային գվարդիայի 5000 զինծառայող:





























