Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման։ Այս մասին նշվել է Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարությունում, փոխանցել է «Սինհուա»-ն։

«Չինաստանն արտահայտում է խիստ դժգոհություն եւ խիստ բողոք եւ պատասխան միջոցներ կձեռնարկի իր իրավունքները եւ շահերը խստորեն պաշտպանելու համար»,- ընդգծել են նախարարությունում։

Նախարարությունը հիշեցրել է, որ ԱՄՆ միակողմանի մաքսատուրքերը խախտում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները եւ խաթարում բազմակողմ առեւտրային համակարգը։

Ինչպես նշել են գերատեսչությունում, Միացյալ Նահանգները «ոչ միայն չի լուծի իր խնդիրները, այլեւ կվնասի Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաեւ նորմալ միջազգային առեւտրային կարգին»։

Առեւտրի նախարարությունը նաեւ նշել է, որ Չինաստանը կոշտ հակաթմրամիջոցների քաղաքականություն է վարում։