Կանադան ակնթարթորեն կարձագանքի պատասխան մաքսատուրքերով, եթե ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Կանադան անպատասխան չի թողնի այս անարդար որոշումը։ Եթե ​​ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ մտնեն այսօր՝ Արեւելյան ափի ժամանակով կեսգիշերին, ապա ժամը 00:01-ին [Կանադան] կպատասխանի ամերիկյան ապրանքների 155 մլրդ [կանադական] դոլարի (107,4 մլրդ դոլար) 25 տոկոս մաքսատուրքերով»,- նշվել է կառավարության ղեկավարի հայտարարությունում։

Թրյուդոն նշել է, որ արդեն մարտի 4-ին կանադական մաքսատուրքերը կազդեն 30 մլրդ կանադական դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա, իսկ մնացած 125 մլրդ կանադական դոլարը «կհարվածի» 21 օրվա ընթացքում։ Նա ավելացրել է, որ կանադական մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆչի չեղարկել իր մաքսատուրքերը։

Միացյալ Նահանգների վարչակազմը մարտի 4-ին խոստացել է 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կանադայից եւ Մեքսիկայից գրեթե ողջ ներմուծումների վրա, իսկ Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից բարձրացնել մինչեւ 20 տոկոս։ Ինչպես նշել է Bloomberg գործակալությունը, մաքսատուրքեր կսահմանվեն ներմուծվող ապրանքների վրա, որոնց տարեկան ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1,5 տրլն դոլար։