Չինաստանը մարտի 10-ից, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի քաղաքականության, 10-15 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա։ Այս մասին հայտնել է Չինաստանի առեւտրի նախարարությունը։

Լրացուցիչ 15 տոկոս սակագին կգործի ԱՄՆ-ից հավի, ցորենի, եգիպտացորենի եւ բամբակի ներմուծման համար։ Լրացուցիչ 10 տոկոս սակագին է սահմանվում սորգոյի, սոյայի, խոզի, տավարի մսի, ջրարդյունաբերական մթերքների, մրգերի, բանջարեղենի եւ կաթնամթերքի համար։

Չինաստանը նաեւ ավելացրել է 15 ամերիկյան ընկերություն արտահանման վերահսկման ցուցակում՝ «երկրի անվտանգությունն ու շահերը պաշտպանելու նպատակով»։

Պատժամիջոցների ցանկում հայտնված 15 սուբյեկտները «վտանգ են ներկայացնում Չինաստանի ազգային անվտանգությանն ու շահերին», նշվել է նախարարությունում։ Չինական մատակարարներին արգելվում է վաճառել երկակի նշանակության իրեր նշված ամերիկյան ընկերություններին: