Միացյալ Նահանգները, չնայած Ուկրաինա զենքի մատակարարումը դադարեցնելու որոշմանը, շարունակում է հետախուզական տվյալներ տրամադրել Կիեւին։ Այս մասին X սոցցանցում հայտնել է The Economist-ի թղթակից Օլի Քերոլը՝ հղում կատարելով ուկրաինացի պաշտոնյաների աղբյուրին։ «Ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել հետախուզական տվյալների տրամադրման կամ ԱՄՆ ռազմական աջակցության որեւէ այլ կարեւոր ասպեկտում»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է Քերոլը:
Ավելի վաղ Bloomberg-ը եւ Fox News-ը, հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ Օվալաձեւ աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ լեզվակռվից հետո։ Ինչպես նշել է Bloomberg-ի Պենտագոնի բարձրաստիճան աղբյուրը, Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական բոլոր մատակարարումները Կիեւ, քանի դեռ ուկրաինական իշխանությունները չեն դրսեւորի իրենց պատրաստակամությունը՝ բանակցել խաղաղ կարգավորման շուրջ։
Bloomberg-ի տվյալներով՝ արգելափակվել են ոչ միայն ապագա մատակարարումները, այլեւ այն առաքումները, որոնք արդեն ճանապարհին են եղել՝ ինքնաթիռներով, նավերով կամ Լեհաստանի տարանցիկ գոտում։ Սառեցված բեռների ցանկը ներառում է կարեւոր զինամթերք, կառավարվող բազմակի հրթիռային համակարգեր եւ հակատանկային զինատեսակներ, պարզաբանել է գործակալությունը։
Սպիտակ տանը Fox News-ի աղբյուրն ընդգծել է, որ Թրամփի որոշումը չի նշանակում ռազմական օգնության ամբողջական դադարեցում։ Բայց դա փետրվարի 28-ին Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու լարված հանդիպման ուղղակի հետեւանքն էր, ավելացրել է նա։





























