ԱՄՆ-ն ու Իսրայելը մերժել են Գազայի վերականգնման ծրագիրը, որով նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել ավերված անկլավը՝ առանց պաղեստինցիների տեղահանման, ինչպես նախատեսված է տարածքը «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» դարձնելու նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկով, հայտնում է NBC News-ը։
Գազայի հատվածը, որը մեծ մասամբ ավերվել է անկլավի վրա Իսրայելի գրեթե 18-ամսյա ռազմական հարձակման հետևանքով, կվերակառուցվի վեց տարուց պակաս ժամանակում՝ ըստ 53 միլիարդ դոլար արժողությամբ վերակառուցման ծրագրի, որը Եգիպտոսը ներկայացրել է երեքշաբթի Կահիրեում արտակարգ գագաթնաժողովի ժամանակ:
Արաբական լիգայի անդամ 22 երկրների ներկայացուցիչների գագաթնաժողովում համաձայնեցված ծրագրով՝ ըստ ծրագրի տարբերակի շրջանակում հրապարակված արհեստական բանականությամբ ուրվագծվել են ժամանակակից բնակելի տներ, քաղաքի աշխույժ փողոցներ և հանգստավայրեր:
Ակնկալվում է, որ առևտրային նավահանգիստ և օդանավակայան կառուցելու ծրագրեր ներառող նախագիծը կֆինանսավորվի մի շարք միջազգային աղբյուրներից, ներառյալ ՄԱԿ-ը և միջազգային ֆինանսական հաստատությունները, ինչպես նաև օտարերկրյա և մասնավոր հատվածի ներդրումները:
Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ առաջարկը թույլ կտա Գազայի հատվածը վերակառուցել՝ միաժամանակ պաղեստինցիներին հնարավորություն տալով «մնալ իրենց հողում և չտեղահանվել»:
Սպիտակ տունը մերժել է այդ ծրագիրը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ առաջարկը «հաշվի չի առնում այն իրականությունը, որ Գազայի հատվածն այժմ ապրելու համար պիտանի չի»: Նա նշել է, որ Թրամփը հավատարիմ է ՀԱՄԱՍ-ից զերծ վերակառուցված Գազայի իր տեսլականին, հաղորդում է Reuters-ը:





























