Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մաքսատուրքեր սահմանեց Կանադայի եւ Մեքսիկայի վրա, կանադացիների խանութների դարակները, որտեղ նախկինում պահվում էր ամերիկյան լիկյորը, դատարկվել են, տեղեկացրել է NBC News-ը:
Սոցցանցերի կանադացի օգտատերերը հրապարակել են լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ամբողջ երկրի խանութները հանում ամերիկյան արտադրության ըմպելիքներն իրենց պաշարներից:
Նյու Բրունսուիքի կառավարությունը Facebook-ում հայտնել է, որ դադարեցրել է ալկոհոլի գնումը ԱՄՆ-ից։
Օնտարիո նահանգի ալկոհոլային խմիչքների վերահսկման խորհուրդը տեղեկացրել է, որ դադարեցրել է ԱՄՆ բոլոր ապրանքների գնումը։
Ոգելից խմիչքների խորհուրդը չորեքշաբթի նշել է, որ «անհանգստացած» է կանադական խանութներից ԱՄՆ ալկոհոլային արտադրանքի հանման, ինչպես նաեւ պատասխան մաքսատուրքերի առնչությամբ:
Խորհուրդը հաշվել է, որ 31 000 ամերիկյան աշխատատեղ կարող է վերանալ Կանադայից եւ Մեքսիկայից սպիրտային խմիչքների ներմուծման 25 տոկոս մաքսատուրքերի պատճառով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Կանադայից եւ Մեքսիկայից գրեթե բոլոր ապրանքների վրա՝ ասելով, որ այդ տուրքերը նպատակ ունեն պատասխանատվության ենթարկել Միացյալ Նահանգների խոշորագույն առեւտրային գործընկերներին երկիր մտնող ֆենտանիլի համար:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դեմ է արտահայտվել մաքսատուրքերին՝ երեքշաբթի իր հայտարարության մեջ ասելով, որ դրանք արդարացում չունեն, քանի որ «ԱՄՆ սահմանին բռնագանձված ֆենտանիլի ընդամենը 1 տոկոսից պակասն է եկել Կանադայից»:
Ի պատասխան ԱՄՆ մաքսատուրքերի՝ Կանադան երեքշաբթի սահմանել է իր սեփական մաքսատուրքերը՝ իրականացնելով ավելի վաղ պլանը՝ 25 տոկոս մաքսատուրքերի մասին 155 մլրդ կանադական դոլար (107 մլրդ դոլար) արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա:
Կանադայի գյուղատնտեսության եւ ագրոաարդյունաբերական ապրանքների նախարարության տվյալներով՝ 2023թ. Քենտուկի նահանգը Կանադա է արտահանել 76 մլն դոլարի վիսկի եւ այլ թունդ ըմպելիքներ: Այս շաբաթ Կանադայի խանութների դարակներից անհետացած լիկյորի-օղու արտադրանքի թվում էր նաեւ Քենտուկիի ըմպելիքը:





























