Լեսոտոյի արտաքին գործերի նախարարը չորեքշաբթի ասել է, որ ցնցված եւ վիրավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, թե ոչ ոք չի լսել աֆրիկյան երկրի մասին, եւ հրավիրել է նրան այցելել այդ երկիր, հայտնել է Reuters-ը։
Երեքշաբթի երեկոյան Թրամփը հիշատակել է Լեսոտոն Կոնգրեսին հղած ուղերձում՝ իր կրճատած օտարերկրյա ծախսերի մի մասն անվանելով «ահավոր վատնում»:
«8 մլն դոլար ԼԳԲՏ+-ին խթանելու համար աֆրիկյան Լեսոտո երկրում, որի մասին ոչ ոք երբեւէ չի լսել»,- ասել է Թրամփը՝ առաջացնելով ծիծաղ Կոնգրեսում:
Լսոտոյի արտաքին գործերի նախարար Լեհոնե Մպոտջոանեն այս արտահայտությունն անվանել է «բավական վիրավորական»։
«Ես իսկապես ցնցված եմ, որ պետության ղեկավարը կարող է այդպես արտահայտվել իմ երկրի մասին»,- ասել է նա Reuters գործակալությանը։
Լեսոտոն մոտ 2 մլն բնակչությամբ լեռնային պետություն է, որը շրջապատված է Հարավային Աֆրիկայով, ունի ամենաբարձր բազային բարձրությունը բոլոր երկրների մեջ, իսկ նրա ամենացածր կետը 1 400 մետր է եւ երբեմն կոչվում է Երկնային թագավորություն:
«Լեսոտոն շատ կարեւոր եւ ինքնատիպ երկիր է ամբողջ աշխարհում։ Ես ուրախ կլինեի նախագահին, ինչպես նաեւ ողջ աշխարհին հրավիրել այցելել Լեսոտո»,- ասել է Մպոտջոանեն։
Նրա խոսքով՝ որոշ քաղաքացիական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են Լեսոտոյում ԱՄՆ դեսպանատան կողմից, իսկապես աշխատել են աջակցելու ԼԳԲՏ+ հանրույթին, ասել է նա, բայց Միացյալ Նահանգները նաեւ կարեւոր ֆինանսավորում է տրամադրել երկրի առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներին:
Թրամփի վարչակազմը կրճատել է միլիարդավոր դոլարների արտաքին օգնությունն ամբողջ աշխարհում, քանի որ ձգտում է ծախսերը համապատասխանեցնել Թրամփի «Ամերիկան՝ առաջին հերթին» քաղաքականությանը:
Մպոտջոանեն ասել է, որ Լեսոտոն զգում է հետեւանքները, քանի որ առողջապահույթան ոլորտը որոշ ժամանակի ընթացքում կախված էր այդ օգնությունից, բայց կառավարությունը դիտարկում է այն հարցը, թե ինչպես ավելի ինքնաբավ դառնա։





























