ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու քաղաքականությունը զգալի վնաս կհասցնի ամերիկյան գյուղատնտեսությանը եւ կհանգեցնի արտադրանքի համաշխարհային արտահանման մեջ երկրի մասնաբաժնի կրճատման։ Այս գնահատականն է ներկայացրել Bloomberg գործակալությունը։
Ինչպես նշել է գործակալությունը, արդեն 2023-2024թթ. գյուղատնտեսական մթերքների ներմուծումն ԱՄՆ գերազանցել է արտահանումը, եւ երկիրը կորցրել է իր առաջնահերթությունը ցորենի եւ սոյայի համաշխարհային շուկայում։ 2025թ. ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ արդյունաբերության առեւտրային դեֆիցիտը կհասնի 50 մլրդ դոլարի, ինչն աննախադեպ կլինի մի երկրի համար, որը տասնամյակներ շարունակ պարենամթերքի զուտ արտահանող է եղել։
Թրամփի քաղաքականությունը կարող է հանգեցնել այն բանին, որ գյուղատնտեսության ոլորտում առեւտրային դեֆիցիտը քրոնիկական դառնա ԱՄՆ-ի համար, գրել է Bloomberg-ը։ Ի պատասխան Չինաստանի դեմ մտցվող մաքսատուրքերի՝ Պեկինն արդեն մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա, իսկ Մեքսիկայի եւ Կանադայի հետ առեւտրային պատերազմը կարող է հանգեցնել նաեւ ԱՄՆ-ում գյուղատնտեսական արտադրողների արտահանման սահմանափակումների, ընդգծել է գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ այս երեք երկրներին բաժին է ընկնում ԱՄՆ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մոտ կեսը, եւ սակագնային քաղաքականության շնորհիվ ամերիկյան ապրանքներն ավելի ակտիվորեն տեղահանվելու են Ռուսաստանի, Արգենտինայի եւ Բրազիլիայի արտադրողների կողմից։
Bloomberg-ն ընդգծել է, որ ներմուծման մաքսատուրքերը կհանգեցնեն նաեւ պարարտանյութերի ինքնարժեքի բարձրացման, ինչը կհարվածի նաեւ ամերիկացի ֆերմերներին։ ԱՄՆ-ը իր կալիումի մոտ 80 տոկոսը ներմուծում է Կանադայից, եւ մաքսատուրքերը նույնպես ազդել են այդ մատակարարումների վրա։ Մետաղների եւ այլ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը նաեւ անուղղակիորեն կբարձրացնեն ԱՄՆ գյուղմթերք արտադրողների ծախսերը։




























