Լոնդոնը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ արտասահմանյան պողպատի և ալյումինի մատակարարումների համար սահմանած մաքսատուրքերից։

«Հիասթափեցնող է, որ ԱՄՆ-ն գլոբալ մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի վրա»,- գրել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը X-ում։

Նա հավելել է, որ Լոնդոնը մտադիր չէ անհապաղ առևտրային հակաքայլեր ձեռնարկել։ «Մենք կենտրոնացած ենք պրագմատիկ մոտեցման վրա և մեծ արագությամբ առաջ ենք շարժվում ավելի լայն տնտեսական գործարքի շուրջ բանակցություններում՝ բրիտանական բիզնեսի և մեր տնտեսության շահերից բխող հավելյալ մաքսատուրքերը հանելու համար»,- ասել է նախարարը։

Financial Times-ի տվյալներով՝ 2024 թվականին Մեծ Բրիտանիան ԱՄՆ է արտահանել 182 հազար տոննա պողպատ։ Դա հավասար է թագավորության պողպատի ընդհանուր արտահանման 7%-ին: Արժեքային արտահայտությամբ ԱՄՆ պողպատի արտահանման բաժինը կազմում է 9%, հասնելով 400 մլն ֆունտ ստեռլինգի (517 մլն դոլար)։