ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է հայտարարության նախագիծը, որում նրա անդամները դատապարտում են բռնությունները Սիրիայի ափամերձ շրջաններում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Փաստաթուղթը, որը պաշտոնապես կընդունվի ուրբաթ օրը, կոչ է անում Սիրիայի ժամանակավոր իշխանություններին ապահովել երկրի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից և կրոնից: Ինչպես նշում է Reuters-ը, Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության են եկել հայտարարության շուրջ, որն ընդգծում է նրանց դիրքորոշումների միասնականությունը։
Մարտի 6-ին Սիրիայի Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել երկրի նոր ղեկավարության կողմից վերահսկվող անվտանգության ուժերի և հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող ստորաբաժանումների միջև։ Ամենածանր մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Մարտի 10-ին նոր իշխանությունները հայտարարեցին այս նահանգներում գործողության ավարտի և Սիրիայի նախկին առաջնորդին աջակցող խմբավորումների չեզոքացման մասին։
Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայի արեւմուտքում իրավիճակի սրման սկզբից սպանվել է Ասադի 250 զինված կողմնակից, իսկ ուժայինները կորցրել են 231 մարտիկի։ Քաղաքացիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 900-ը, որոնց մեծ մասն ալավիական համայնքից է։





























