ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ գեներալ Քիթ Քելոգի դերը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցով հատուկ բանագնացից կրճատվել է միայն Ուկրաինայի բանագնացի այն բանից հետո, երբ ռուսաստանցի պաշտոնյաները փորձել են նրան հեռացնել պատերազմի դադարեցման բանակցություններից:

«Գեներալ Քելոգը, որը շատ հարգված ռազմական փորձագետ է, անմիջականորեն գործ կունենա նախագահի (Վլադիմիր Զելենսկիի) և Ուկրաինայի ղեկավարության հետ,- գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ:- Նա լավ է ճանաչում նրանց, և նրանք աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունեն»:

Ռուսաստանցի պաշտոնյաներն ԱՄՆ-ի իրենց գործընկերներին ասել են, որ չեն ցանկանում, որ Քելոգը ներգրավվի Ուկրաինայում պատերազմի դադարեցման բարձր մակարդակի քննարկումներում, այս շաբաթ Reuters-ին են հայտնել աղբյուրները:

Գործակալության տվյալներով, ռուսաստանցի որոշ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ դժգոհել են, որ Քելոգը, իրենց կարծիքով, չափազանց համակրում է Կիևին։

80-ամյա Քելոգը բացակայել է բարձր մակարդակի որոշ քննարկումներից վերջին շաբաթներին, այդ թվում՝ երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ուկրաինական պատվիրակության հանդիպմանը:

ԱՄՆ-ն և Ուկրաինան Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ սկզբունքային համաձայնություն էին ձեռք բերել 30-օրյա հրադադարի մասին։ Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հայտարարել է, որ հրադադարի համաձայնագիրը լուրջ վերանայման կարիք ունի: