Ուկրաինայում հրադադարի հեռանկարների վերաբերյալ եվրոպացի առաջնորդների հռետորաբանության փոփոխությունն այս քաղաքական գործիչների «հողմացույցի նմանվող վարքագծի» դրսևորումն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Լրագրողը Պեսկովին խնդրել է մեկնաբանել որոշ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ իրենք ողջունում են խաղաղության նախաձեռնությունները և հնարավոր հրադադարը, տեղեկացնում է РБК-ն։

«Եվրոպական քաղաքներում՝ հին Ռիգայում, Տալինում, շատ տարածված են տանիքների վրա ամրացված հողմացույցները: Եվ, ըստ երևույթին, երբ մարդիկ մանկուց տեսնում են այս հողմացույցները, որոշակի միմիկրիա է առաջանում։ Ուստի հողմացույցի նմանվող վարքագիծը, ցավոք, եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթի վարքագծի անբաժանելի մասն է», - ասել է Պեսկովը:

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։ Դրանից հետո Կիևը հայտարարել է 30-օրյա հրադադարին իր համաձայնության մասին։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը աջակցում է հրադադարի գաղափարին, սակայն նախաձեռնության վերաբերյալ հարցեր կան, այդ թվում՝ Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Եվրոպական առաջնորդները, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ դիվանագետ Կայա Կալասը, պաշտպանել են 30-օրյա հրադադարի առաջարկը։