Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կիրակի հայտարարել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ նախագահը այս շաբաթ կխոսի իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում եռամյա պատերազմը դադարեցնելու ուղիների մասին։

Ուիթկոֆը CNN-ին ասել է, որ հակամարտությունը դադարեցնելու հարցում իրական առաջընթացի հույս ունի:

«Ես ակնկալում եմ, որ այս շաբաթ տեղի կունենա երկու նախագահների հեռախոսազրույցը, և մենք նաև շարունակում ենք շփումն ու զրույցները ուկրաինացիների հետ»,- ասել է նա։

Նրա կարծիքով, Թրամփի ու Պուտինի զրույցը «իսկապես լավ ու դրական» կլինի։

Ուիթկոֆը հավելել է, որ թեև իրավիճակը տեղերում չափազանց բարդ էր, բայց «մենք փորձում ենք վերացնել երկու կողմերի միջև խզումը»:

Ուիթկոֆը մարտի 13-ին մեկնել էր Մոսկվա, որտեղ դռնփակ բանակցություններ էր վարել ՌԴ նախագահի հետ։

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Ուիթկոֆի միջոցով Վլադիմիր Պուտինը «տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին»։ Թրամփը մարտի 13-ի հանդիպման արդյունքները գնահատել է  «շատ լավ և արդյունավետ»։

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացին հանդիպելուց առաջ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, բայց պայմանով, որ դա կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության։