ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը, նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը, ամերիկացի առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները և հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնը գաղտնի կապ են հաստատել Վլադիմիր Զելենսկու քաղաքական հակառակորդների հետ։ Այս մասին ուկրաինական և ամերիկյան աղբյուրները հայտնել են եվրոպական Politico պարբերականին, որն ավելի վաղ հայտնել էր այդ շփումների մասին՝ չնշելով ԱՄՆ ներկայացուցիչների անունները։
«Նրանք Զելենսկիին խոչընդոտ են համարում։ Ինչպե՞ս կարող եք խարխլել Զելենսկու դիրքերը և նրան ավելի զիջող դարձնել: Երկխոսություն վարեք նրա քաղաքական հակառակորդների հետ և ցույց տվեք նրան, որ ԱՄՆ-ն այլ գործընկերներ և այլ տարբերակներ ունի Ուկրաինայում»,- թերթը մեջբերել է Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած ամերիկացի արտաքին քաղաքականության փորձագետի խոսքերը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Թրամփի ներկայացուցիչները «վատ են հասկանում Ուկրաինան» և «մոլորության մեջ են՝ մտածելով, որ կարող են ինչ-որ մեկին իրենց գործընկեր նշանակել Ուկրաինայում և [նրան ստիպել] հաջողության հասնել [նախագահական] ընտրություններում կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում»։





























