Գերմանիայի և Ավստրիայի ներքին գործերի նախարարներ Նենսի Ֆեսերը և Գերհարդ Կարները չեղարկել են այցը Սիրիա՝ ահաբեկչական սպառնալիքի մասին գերմանական անվտանգության ծառայությունների նախազգուշացումներից հետո: Այս մասին հայտնում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցչին։
«Դաշնային նախարար Ֆեսերը չեղարկել է իր պլանային թռիչքը Հորդանանի մայրաքաղաք Ամմանից դեպի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս առավոտյան՝ ահաբեկչական սպառնալիքի մասին գերմանական անվտանգության ծառայությունների մանրամասն նախազգուշացումների պատճառով», - ասել է ՆԳՆ պաշտոնյան։
Ուղևորությունը չեղարկելու որոշումն ընդունվել է երկու նախարարների կողմից համատեղ։ Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ այցի իրականացումը «հնարավոր վտանգ կստեղծեր պատվիրակության, ինչպես նաև [նրա պաշտպանության մեջ] ներգրավված անվտանգության ուժերի համար»։
Այս ուղեւորությունը նախապես չի հայտարարվել եւ նախապատրաստվել է անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, պարզաբանել է հրատարակությունը։ Դամասկոսում նախատեսված էին հանդիպումներ Սիրիայի անցումային կառավարության նախարարների, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։





























