ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է սիրիական «Սպիտակ սաղավարտներ» կամավորական կազմակերպության գործունեության ֆինանսավորման մեծ մասը, մարտի 27-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցրել է «Սպիտակ սաղավարտների» հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների ֆինանսավորումը։ USAID-ը համապատասխան ծանուցում է ուղարկել «Սպիտակ սաղավարտներին»։ Կազմակերպությունը կապի մեջ է գործակալության հետ եւ ակնկալում է, որ օգնությունը կվերսկսվի։
USAID ներկայացուցիչը Կոնգրեսին ուղղված նամակում նշել է, որ մարտի 21-ի դրությամբ գործակալությունը դադարեցրել է ավելի քան 5 300 ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում՝ 30 մլն դոլարի համաձայնագիրը «Սպիտակ սաղավարտների» հետ: Միաժամանակ սիրիական կազմակերպությունը դեռ ունի 1,4 մլն դոլարի ֆինանսավորում ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից։
«Սպիտակ սաղավարտների» փոխղեկավար Ֆարուք Հաբիբը CNN-ին ասել է, որ ֆինանսավորման կրճատումների ազդեցությունը «աղետալի» է, եւ կազմակերպության կարիքները «կտրուկ աճել են»:
«Սպիտակ սաղավարտները» կամավորական կազմակերպություն է, որն օգնություն է տրամադրում Սիրիայում հակամարտությունից տուժածներին: Այն հիմնադրվել է 2013թ.: Սկզբում կազմակերպությունն աշխատել է ոչ կառավարական խմբերի կողմից վերահսկվող տարածքներում, իսկ 2024թ. դեկտեմբերին Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո՝ ամբողջ Սիրիայում: USAID-ը համարվում էր «Սպիտակ սաղավարտների» ամենամեծ դոնորը։
«Սպիտակ սաղավարտները» բազմիցս հանդես են եկել որպես Սիրիայում քիմիական հարձակումների մասին տեղեկատվության աղբյուր։ Ռուսաստանը բազմիցս մեղադրել է կազմակերպությանը քիմիական հարձակումների զոհերի բեմադրված տեսանյութեր նկարահանելու եւ ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ։ «Սպիտակ սաղավարտներն» իրենց հերթին Ռուսաստանին մեղադրել են ռազմական հանցագործությունների մեջ։





























