ԱՄՆ ավելի քան 30 նահանգում Իլոն Մասկի Tesla-ի դեմ շաբաթ օրը 200 «ոչ բռնի բողոքի ցույց» կանցկացվի։ Դրա մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը։

Ըստ լրատվամիջոցի՝ մարտի 29-ին նախատեսված է «ոչ բռնի բողոքի զանգվածային օր»՝ «Tesla Takedown» կոչվող արշավի շրջանակում։

Շարժման կազմակերպիչները հույս ունեն, որ վնաս կհասցնեն Իլոն Մասկի քաղաքական դիրքին` նվազեցնելով «նրա հարստության հիմքի»՝ էլեկտրական մեքենաների ընկերության վաճառքները և բաժնետոմսերի գինը:

Bluesky առցանց հարթակում շարժման հրապարակման մեջ նշվում է, որ բողոքի ցույցեր են տեղի ունենալու ԱՄՆ-ում Tesla-ի 277 օբյեկտների մոտ։

Ցույցերի քարտեզը, որը հասանելի է Tesla Takedown պաշտոնական կայքում, ցույց է տալիս ԱՄՆ 50 նահանգից ավելի քան 30-ի իրադարձությունները: Վեբ էջում մարդիկ կարող են իմանալ Tesla-ի օբյեկտի ճշգրիտ հասցեն և «հավաքման» ժամը, ինչպես նաև՝ լրացնել գրանցման ձևաթուղթը։

Ընդհանուր առմամբ, կազմակերպիչներն ակնկալում են, որ ամբողջ աշխարհում տեղի կունենա ավելի քան 500 հանրահավաք։ Քարտեզում, մասնավորապես, ներկայացված է եվրոպական երկրներում՝ մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում Մասկի ընկերության օբյեկտների ավելի քան 20 հասցե ։

«Խաղաղ հավաքների» կազմակերպիչները կարծում են, որ Մասկը «ոչնչացնում է ժողովրդավարությունը ԱՄՆ-ում՝ օգտագործելով Տեսլայի հաշվին իր ստեղծած հարստությունը»։ Նրանք աջակիցներին կոչ են անում վաճառելու իրենց Tesla ավտոմեքենաները և գցելու ընկերության բաժնետոմսերը՝ պնդելով, որ Իլոն Մասկին «կանգնեցնելով» նրանք «կփրկեն կյանքեր և ժողովրդավարությունը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, ի պատասխան, «Տեսլայի վահան» անվամբ հակացույցեր են կազմակերպում՝ նպատակ ունենալով «աջակցելու Թրամփի դաշնակցին»։