Հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցել են ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դաշնային կառավարությունը ցրելու համատեղ ջանքերի դեմ բողոքի ցույցերին, գրում է The Guardian-ը։
Շաբաթ օրը ԱՄՆ-ում և աշխարհի շատ այլ երկրներում Tesla-ի գրեթե յուրաքանչյուր ցուցասրահի մոտ հանրահավաքներ են տեղի ունեցել:
Բողոքի կազմակերպիչները մարդկանց խնդրել են երեք բան անել՝ չգնել Tesla, վաճառել Tesla-ի բաժնետոմսերը և միանալ «Tesla Takedown» շարժմանը։ Շաբաթ օրը, երբ ամբողջ աշխարհում ավելի քան 200 միջոցառում էր նախատեսված, բողոքի ցույցերը սկսվել են կեսօրին Tesla-ի ցուցասրահների առջև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, այնուհետև տարածվել Եվրոպայում՝ Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում: Յուրաքանչյուր հանրահավաք կազմակերպվել է տեղական մակարդակով և օրիգինալ թեմա է ունեցել:
«Tesla Takedown» շարժման կողմից Bluesky-ում հրապարակված լուսանկարներում ցուցարարներ են հավաքված Կալիֆորնիայի նահանգի Սան Խոսե քաղաքում, որտեղ նախկինում Tesla-ի գլխավոր գրասենյակն էր, և Տեխաս նահանգի Օսթինում, որտեղ այժմ գտնվում է նրա գլխավոր գրասենյակը:





























